Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներն ու նպատակները, 1991թ․ սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացվեց հանրաքվե՝ քվեարկության դնելով հետևյալ հարցը․ <<Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս>>։ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը) կողմ քվեարկեց, որի հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ 1991թ․ հոկտեմբերի 16-ին անցկացվեցին նախագահական համաժողովրդավարական, ուղղակի, այլընտրանքային ընտրություններ, որի արդյունքում 83% ձայնով 6 թեկնածուներից հանրապետության նախագահ ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը։
Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որի հիման վրա հետագայում ձևավորվեց պաշտպանության նախարարությունը, իսկ 1991թ․ դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 1992թ․ մայիսին պաշտպանության նախարարությունը <<Զինապարտության մասին>> օրենքով հիմք դրեց պարտադիր ժամկետային զինծառայությանը։
Իսկ 1995թ․ հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները՝ դրոշը (դեռևս 1990թ․ օգոստոսի 24-ից հանրապետության դրոշը ճանաչվել էր եռագույնը՝ առաջին հանրապետության դրոշը), զինանշանը և օրհներգը։ ՀՀ Սահմանադրությունն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց ՀՀ քաղաքացիների իրավունքները և պարտականությունները։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
1995թ․ դեկտեմբերին կատարվեցին վարչատարածքային փոփոխություններ՝ շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի․ Երևանը ստացավ հատուկ կարգավիճակ։
1999թ․ ձևավորրվեց դատական նոր համակարգ։ Հունիսի 12-ին ներդրվեց եռաստիճան դատական համակարգը։
Հետագայում առաջացավ Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն և փոփոխությունների առաջին տարբերակը հաստատվեց 2005թ․ նոյեմբերի 27-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։
Սահմանադրության երկրորդ փոփոծությունները հաստատվեցին 2015թ․ դեկտեմբերի 6-ի Սահմանադրական համաժողովրդական հանրաքվեով։