Արարատյան բարբառը հայոց լեզվի հնագույն տարատեսակներից մեկն է։ Արարատյան բարբառի հետքերն ի հայտ են եկել դեռևս 13-րդ դարի աղբյուրների մեջ․ այն անցել է զարգացման երկար ուղի։
Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են 1675 թվականին Մարսելում հրատարակված «Արհեստ համարողության» և 1687 թվականին Վենետիկում լույս տեսած «Պարզաբանություն» աշխատությունները։
Արարատյան բարբառի տարածքները ընդգրկում են Աարևելյան Հայաստանի կենտրոնական մասը, Նախիջևանը, Շահումյանը, Աստապատը, Կաղզվանը, Ճակատքը (Սուրմալու), Խանլարը, Վրաստանի Մառնեուլի շրջանում գտնվող որոշ բնակավայրեր և այլն։ Սակայն Շահ-Աբասի մեծ գաղթը և 1827 թ․ ռուս-պարսկական պատերազմները բարբառի տարածքային ընդգրկման վրա մեծ դեր ունեցան։ Իսկ ներկայումս Արարատյան բարբառն ընդգրկում է ՀՀ բազմաթիվ բնակավայրեր` Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Նաիրի, Կոտայք: Արարատյան բարբառի խոսվածքներից տարածքային ամենամեծ ընդգրկվածությունն ունի Լոռին: Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում, Դդմաշենը, Ծաղունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ: Ըստ Հր. Աճառյանի՝ Արարատի բարբառի մեջ են մտնում Բայազետի եւ Թավրիզի ենթաբարբառները:
Արարատյան բարբառին բնորոշող առանձնահատկություններից են բառերի վերջընթեր վանկի վրա շեշտը դնելը, ինչպես նաև ածականների արտահայտած հատկանիշն առավել ուժեղ շեշտվածությամբ արտահայտելու համար ածականը կրկնելը, օրինակ՝ սիրուն-սիրուն (շատ սիրուն)։