Նախկինում երբեք չէի եղել Արատեսում, անգամ շատ քիչ էի լսել աշխարհից կտրված այդ փոքրիկ գյուղի մասին: Նախաճամփորդական փուլում ծանոթացել էի միայն նշված նյութերին, և ճամփորդության մասին իմանալուն պես, անհամբեր սպասում էի գնալու օրվան: Շատ լավ էի տրամադրված. բոլոր սպասելիքներս արդարացվեցին։

Արատեսը՝ այդ փոքրիկ, չքնաղ գյուղը, որտեղ գրեթե ոչ ոք չի ապրում, հիշողությանս մեջ մնաց որպես մի ուրիշ աշխարհ։ Երբեք չէի կարող հավատալ, որ հեռու, միաժամանակ մեզ շատ մոտ կա մի փոքրիկ աշխարհ, որի մասին քչերը գիտեն։ Շատ գեղեցիկ էր Արատեսը՝ ամբողջությամբ ձյան մեջ։ Սպիտակը փակել էր նրա դիմագծերը կամ ստեղծել նորը, սակայն չէր պակասել նրա գեղեցկությունը՝ կուրացնող ճերմակից անգամ։

Կարծում եմ բոլորից շատն էի գանգատվում ցրտից, սակայն նույնիսկ ե՛ս էի մոռանում ջերմաստիճանի, թաց ոտքերի և սառը մատների մասին, երբ բոլորով ձնագնդի էինք խաղում, սահնակ քշում անգամ շատ ուշ երեկոյան․ դրսի ցուրտը չէր կարողանում կոտրել այն ջերմ մթնոլորտը, որը ստեղծվել էր մեր մեջ՝ որպես վահան նրա դեմ։

Շատ հետաքրքիր էր անցնում ամեն մի վայրկյանը․ երբ փորձում էինք ղափամա պատրաստել, պլեճի մոտ նստած երգել, երբ լսվում էին կիթառի մեղմ հնչյուններ, ամեն ինչ այնքա՜ն ներդաշնակ էր և՛ դրսում, և՛ ներսում։ Անցան այն երեք օրերը, վերադառնալու ժամանակն էր: Այն անքան արագ էր անցել, միաժամանակ այնպիսի հավերժություն տևել, կարծես կախարդանք։ Թվում է, պետք է շատ տխուր վերադառնայինք, սակայն ճանապարհի հետաքրքիր զրույցները, կատակները, մեր նախընտրած երաժշտությունը թույլ չէին տալիս, որպեսզի պակասեր ժպիտը։ Չգիտեմ էլի կվերադառնա՞մ այնտեղ, թե ոչ, սակայն մի բան հաստատ է՝ բոլորից և ամեն ինչից կտրված կա մի թոքրիկ աշխարհ, որը կոչվում է Արատես։

 

Advertisements